Երբ ես անկեղծորեն խոսում էի պատմության մասին, պատկերացնում էի հնարավոր հետեւանքներն ինձ համար: Այդ մասին Երեւանում կայացած «Հարյուր հարց, հարյուր պատասխան» քննարկման ժամանակ, սեպտեմբերի 29-ին, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:

«Խոսելով այդ մասին 2005թ. Քալիֆորնիայում, ես պատկերացնում էի բացասական հետեւանքներն ինձ համար: Չգիտեի միայն` կգլխատեն, թե` ձեռքս կկտրեն»,- կատակել է նախկին դեսպանը:

Նա հիշեցրել է, որ դրանից հետո իր պաշտոնը լքել է ոչ միանգամից: «Ես դեռ 18 ամիս մնացի դեսպանի պաշտոնում, քանի դեռ Ջորջ Բուշը նշեց իմ հաջորդի անունը»,- ասել է Էվանսը, ով ամերիկյան դիվանագիտական առաքելությունը գլխավորել է 2004թ. նոյեմբերից 2006թ. սեպտեմբերը:

2005թ. փետրվարին Քալիֆորնիայում նա ասել էր. «Այսօր ես դա Հայոց ցեղասպանություն կանվանեմ: Ես կարծում եմ, որ մենք, որպես ԱՄՆ կառավարություն, պարտավոր ենք անկեղծ եւ ազնվորեն քննարկել այդ խնդիրը ձեզ` մեր համաքաղաքացիների համար»: