Ի հեճուկս պատմությունը խեղաթյուրելու փորձերի, պետք է ասել, որ հայ ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել. չ միայն պետք է ճանաչել հայերի ցեղասպանությունը, այլ նաեւ արգելել դրա ժխտումը: Ինչպես Փարիզից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Փարիզի քաղաքապետ Բերթրան Դելանոեն:

Անդրադառնալով երկու մայրաքաղաքների հարաբերություններին, նա նշել է, որ Ֆրանկոֆոն քաղաքների միջազգային ասոցիացիայի գլխավոր կոնֆերանսի շրջանակներում, իր Երեւան այցելության ժամանակ, համագործակցության պայմանագիր կստորագրվի:

Դելանոեի խոսքով, պայմանագրի ստորագրումը խթան կհանդիսանա Երեւանի եւ Փարիզի միջեւ հարաբերությունների զարգացման համար: Նշենք, որ այսօրվա հանդիպմանը ներկա են եղել Փարիզի հայկական համայնքի ներկայացուցիչները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում, հոկտեմբերի 25-26-ին, տեղի կունենա Ֆրանկոֆոն քաղաքների միջազգային ասոցիացիայի գլխավոր կոնֆերանսը, որին կմասնակցեն շուրջ 200 քաղաքների ղեկավարներ, այդ թվում Բերթրան Դելանոեն, ով ֆրանսալեզու քաղաքների միջազգային ասոցիացիայի նախագահն է: