Համերգը նվիրված էր նաեւ Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակին...
Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Նիկոլա Սարկոզին, սեպտեմբերի 28-ի երեկոյան ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի բարեգործական համերգին, որը տեղի է ունեցել Փարիզի «Օլիմպիա» համալիրում: Այդ մասին գրում է ֆրանսիական La Dépêche du Midi-ն:
Համերգը, որը վարում էր Ստեֆան Բեռնը եւ որից ստացված միջոցները փոխանցվելու են «Ազնավուրը Հայաստանի համար» ասոցիացիային, նվիրված էր նաեւ Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակին:
Համերգին մասնակցել են այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Բենաբարը, Ժուլյեն Կլերկը, Լիան Ֆոլին, Պատրիկ Ֆորին, Էլեն Սեգարան, երգիծաբաններ Լորան Հերան եւ Միշել Լեբը, երաժիշտ Անդրե Մանուկյանը, սոպրանո Հասմիկ Պապյանը եւ դաշնակահար Վարդան Մամիկոնյանը:
Համերգի ավարտից հետո, կուլիսների ետեւում Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանի ուղեկցությամբ երաժիշտներին ողջունել են Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները:




























