Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այցելել է 2010 թվականի նոյեմբերի 24-ին Կորյունի փողոցում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած բնակիչների բակային տարածք, հանդիպել հրդեհի հետեւանքով տուժած բնակիչների հետ:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նարեկ Սարգսյանը բնակիչներին տեղեկացրել է խնդրո առարկա տարածքի իրացման եւ կառուցապատման հարցերի վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի առաջիկա եւ հետագա քայլերի մասին: Բնակիչների հետ զրույցի ընթացքում գլխավոր ճարտարապետը հայտնել է, որ հոկտեմբերի 3-ից կսկսվի Կորյունի փողոցի նշված հատվածի իրացման գործընթացը, կկնքվեն համապատասխան պայմանագրեր կառուցապատող ընկերության եւ հրդեհից տուժած բնակիչների միջեւ:
Արդեն պատրաստ է կառուցապատման նախագիծը եւ այժմ տեղում կառուցվող շենքերի աշխատանքային գծագրերն են իրականացվում: Գլխավոր ճարտարապետի ներկայացմամբ իրացման եւ կառուցապատման գործընթացը կտեւի 2-3 տարի` գտնվելով Երեւանի քաղաքապետարանի մշտական ուշադրության ներքո:
Հիշեցնենք, որ խնդրո առարկա տարածքում նախատեսվում է կառուցել բնակելի շենքեր, որոնց շրջանակում կլուծվի նաեւ հրդեհի հետեւանքով տուժած բնակիչների բնակարանային խնդիրը:
Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում Կորյունի փողոցի այդ հատվածում կձեւավորվի կանաչ գոտի, մանկական խաղահրապարակ, ինչպես նաեւ` ստորգետնյա ավտոկայանատեղի:




























