Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն իսկապես միջնորդել է, որ Իրանի բանտից ազատ արձակվել ԱՄՆ երկու քաղաքացիները: Լրագրողների հետ զրույցում Չավեսը հայտարարել է, որ շատ գոհ է նրանց ազատ արձակման փաստից եւ հայտնել, որ ազատ արձակված երիտասարդներին հրավիրել է Վենեսուելա: «Ես նրանց հրավիրել եմ այցելել մեզ, չէ՞ որ նրանք ճանապարհորդության եւ արկածների սիրահարներ են: Նրանք, ամենայն հավանականությամբ, կգան»,- ասել է նա:

«Այստեղ է եկել Շոն Փենը (ամերիկյան դերասան): Հենց նա է ինձ պատմել նրանց մասին եւ բացատրել, թե ովքեր են նրանք եւ ես ի պատասխան իմ ընկերոջ խնդրանքի, ուղիղ դիմել եմ նախագահ Ահմադինեժադին: Եթե դա է օգնել, ապա ես ուղղակի երջանիկ են եւ շատ շնորհակալ եմ Իրանի նախագահին»,- ասել է Չավեսը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ երկու ամերիկացիները՝ Շեյն Բրաուերը եւ Ջոշ Ֆաթալը, ինչպես նաեւ 32-ամյա Սառա Շուրդը ձերբակալվել էին 2009 թվականին Իրանի եւ Իրաքի միջեւ սահմանում հայտնվելու պատճառով։ Սառա Շուրդը գրավի դիմաց ազատ էր արձակվել եւ միանգամից գնացել ԱՄՆ։ Երկու ամերիկացիների հանդեպ դատական գործն ավարտվել էր նախորդ ամիս։ Լրտեսության եւ սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացիները դատալսումների ժամանակ իրենց մեղավոր չէին ճանաչել ոչ մի կետով: