Ղազախստանի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) պատգամավորները հինգշաբթի լիագումար նիստում հավանություն են տվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքին:
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մաժիլիսը, ապրիլի 26-ին ընդունել է այդ օրենքը։
Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հայտնել է, որ փաստաթղթի նպատակն է միության քաղաքացիների եւ առեւտրային ընկերությունների համար դյուրացնել ԵԱՏՄ ամբողջ տարածքում վարկային պրոդուկտների հասանելիությունը եւ բանկերին տրամադրել մատչելի եւ օբյեկտիվ գործիքակազմ պոտենցիալ վարկառուների վարկային ռիսկի արդարացի գնահատման համար:
Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո միության երկրների քաղաքացիները եւ ընկերությունները հնարավորություն կստանան հավասար պայմաններով դիմել եվրասիական «հնգյակի» տարածքում բանկային վարկեր ստանալու համար, ինչը լրացուցիչ խթան կհաղորդի անդրսահմանային վարկավորման զարգացմանը: Համաձայնագիրը նաեւ հնարավորություն կտա ԵԱՏՄ պետությունների ռեզիդենտներին ստանալ իրենց վարկային հաշվետվությունը՝ գտնվելով միության այլ երկրում:
Օրենքը պետք է ստորագրվի պետության ղեկավարի կողմից։





























