ԱՄՆ պաշտպանության նախարարությունն օգնել է նորոգել Ուկրաինային Միացյալ Նահանգների տրամադրած Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգը։ Պենտագոնի ներկայացուցիչն առաջին անգամ հապարակայնորեն հինգշաբթի հաստատել է այն, որ թանկարժեք մարտական տեխնիկան շաբաթվա սկզբին վնասվել է ռուսական ավիահարվածից, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Սաբրինա Սինգհը, վնասված համալիրը «նորոգվել է եւ լիովին պատրաստ է աշխատանքի»։
Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականները «որոշ» վիրտուալ օգնություն են ցուցաբերել, իսկ հասցված վնասն անվանվել է «աննշան»։
Կրեմլի ներկայացուցիչները, երեքշաբթի օրվանից սկսած, հաստատել են, որ Մոսկվային հաջողվել է ոչնչացնել մեկ մլրդ դոլար արժողությամբ Patriot մարտկոցի մի մասը։ Ուկրաինայի իշխանությունները հերքել են այդ պնդումները՝ վնասն աննշան անվանելով։
Raytheon ընկերության արտադրած Patriot-ը ԱՄՆ-ում «երկիր-օդ» դասի հակահրթիռային պաշտպանության ամենաառաջավոր համակարգերից է եւ նախատեսված է բալիստիկ եւ թեւավոր հրթիռների ու ինքնաթիռների հայտնաբերման եւ խոցման համար։
Այս տարի Պենտագոնը սովորեցրել է ուկրաինացի մասնագետներին աշխատել համակարգով, որի սպասարկման համար կարող է մինչեւ 90 զինծառայող պահանջվել։
Ըստ երեւույթին, Patriot-ը զգալիորեն ուժեղացրել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը, քանի որ Կիեւում տեղեկացրել են, որ վերջին օրերին Ուկրաինայի ԶՈւ-ն խփել է ավելի մեծ թվով ռուսական հրթիռներ։
Ուկրաինացի զինվորականները տեղեկացրել են չորեքշաբթի երեկոյան 30 հրթիռներից 29-ը որսալու եւ չորս ռուսական անօդաչու խփելու մասին, այն դեպքում, երբ ամերիկյան պաշտոնական անձինք հայտարարել են, որ խփվել են երեքշաբթի երեկոյան արձակված բոլոր 18 հրթիռները։
Ռուսաստանը, ենթադրաբար, գրոհ է իրականացրել Patriot համալիրի դեմ հիպերձայնային «Կինժալ» հրթիռի օգնությամբ։
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Փատրիկ Ռայդերն անցած շաբաթ հաստատել է, որ Ուկրաինան առաջին անգամ օգտագործել է Patriot համակարգ ռուսական «Կինժալի» դեմ։
«Ես կարող եմ հաստատել, որ նրանք խփել են ռուսական հրթիռ՝ կիրառելով հակահրթիռային պաշտպանության Patriot համակարգ,- ասել է Ռայդերն անցած երեքշաբթի։- Ինչպես գիտեք, այդ համակարգը հակաօդային պաշտպանության հնարավորությունների ավելի լայն սպեկտրի մի մասն է, որոնք Միացյալ Նահանգները եւ միջազգային հանրությունը տրամադրել են Ուկրաինային»։
Ուկրաինային Patriot տրամադրելը ԱՄՆ-ի վրա մոտ 1,1 մլրդ դոլար է նստել, որից 400 մլն դոլարը ծախսվել է համակարգի եւ 690 մլն-ն՝ հրթիռների վրա։





























