ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է դաշնակիցներին թույլ տալ F-16 կործանիչներ տրամադրել Ուկրաինային։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ Սպիտակ տունը եվրոպական դաշնակիցներին ակնարկում է, որ չի պատրաստվում արգելել F-16-ների մատակարարումը, քանի որ մշտապես ճնշում է զգում Կոնգրեսի եւ այլ երկրների կողմից։ Այնուամենայնիվ, նշվել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի աշխատակիցներին ոչինչ հայտնի չէ ինքնաթիռների արտահանման պաշտոնական հարցապնդումների մասին, իսկ պետդեպարտամենտի պաշտոնյաներն առայժմ դրանց հանձնման փաստաթղթերը ձեւակերպելու հրաման չեն ստացել։
Հեռուստաալիքը նշել է, որ որոշ պաշտոնյաներ կասկածում են Կիեւ F-16-ների մատակարարման նպատակահարմարության հարցում։ Նրանց կարծիքով՝ ռուսական հակաօդային պաշտպանությունն արդյունավետ է կործանիչների դեմ, ուստի Ուկրաինայի Զինված ուժերը քիչ թվով առաքելություններ են կատարում իրենց ունեցած ռազմական ավիացիայի օգտագործմամբ։
Մայիսի 17-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանն ասել է, որ Միացյալ Նահանգները չի փոխել Ուկրաինային F-16-ներ տրամադրելու պլանները եւ նախկինի պես մտադիր է Կիեւ մատակարարել այդ կործանիչները։ The New York Times թերթը նույն օրը տեղեկացրել էր, որ ամերիկյան իշխանությունները թույլ չեն տալիս ուկրաինացի օդաչուներին եվրոպական երկրների F-16-ների մարտական պատրաստվածություն անցնել, քանի որ Վաշինգտոնը չի պատրաստվում այդ ինքնաթիռները տրամադրել Կիեւի իշխանություններին։





























