ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնում առաջադրել է Ջեյմս Օ'Բրայենի թեկնածությունը, հայտնում է Սպիտակ տունը:
Ջեյմս Օ'Բրայենը ներկայումս զբաղեցնում է պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը։
Ավելի վաղ Օ'Բրայենը ծառայել է ԱՄՆ երկու վարչակազմերին՝ որպես նախագահի հատուկ բանագնաց: Հաղորդվում է, որ նա եղել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի ավագ խորհրդականը, քաղաքականության պլանավորման գծով տնօրենի գլխավոր տեղակալը եւ Բալկանների հարցերով նախագահի բանագնացը:
«Նա ղեկավարել է պատժամիջոցների լայնածավալ եւ հաջող ծրագիրը եւ խորհրդատվություն է տրամադրել մի շարք հարցերի շուրջ, ներառյալ Եվրոպայում խաղաղ բանակցությունները, գիտական եւ բնապահպանական համաձայնագրերը, Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետխորհրդային անցումը, ինչպես նաեւ ռազմական հանցագործությունների համար պատասխանատու անձանց հետաքննության եւ հետապնդման նախաձեռնությունները: 2015-2017 թվականներին որպես պատանդների հարցերով նախագահի առաջին բանագնաց՝ նա օգնել է գրասենյակ ստեղծել եւ ապահով վերադարձրել հարյուր ամերիկացի քաղաքացիների: Կառավարությունից հեռանալուց հետո նա Albright Stonebridge Group միջազգային խորհրդատվական ընկերության տնօրենն ու փոխնախագահն էր։ Օ'Բրայենը ստացել է իրավագիտության դոկտորի կոչում Յեյլի իրավաբանական դպրոցում, մագիստրոսի կոչում Փիթսբուրգի համալսարանում եւ բակալավրի կոչում Մինեսոտա նահանգի Սենթ Պոլ քաղաքի Մաքալեստեր քոլեջում: Նա Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ է, տիրապետում է ֆրանսերենին եւ ռուսերենին»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։





























