Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը ժամանել է Հիրոսիմա՝ մասնակցելու «Մեծ յոթնյակի» առաջնորդների գագաթաժողովին, հայտնում է Reuters-ը:

Մի քանի լրատվամիջոցների հրապարակած կադրերում երեւում է, թե ինչպես է Զելենսկին իջել ֆրանսիական կառավարական ինքնաթիռից։

«Ճապոնիա, G7, կարեւոր հանդիպումներ Ուկրաինայի գործընկերների եւ ընկերների հետ: Անվտանգություն եւ համագործակցության ամրապնդում մեր հաղթանակի համար: Այսօր խաղաղությունը կմոտենա»,-գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում։

Այս տարի G7-ում նախագահող Ճապոնիայում ավելի վաղ հայտնել են, որ շաբաթ օրը Զելենսկին ժամանել է աշխարհի առաջին քաղաք, որն ատոմային ռմբակոծության է ենթարկվել, եւ որ նա այցելել է, քանի որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից միջուկային սպառնալիքներն անհանգստացրել են Արեւմուտքին»։