Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայությունը G7-ի (Մեծ յոթնյակ- խմբ.) գագաթաժողովում «կարող է փոխել խաղի կանոնները», շաբաթ օրն ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երբ երկու նախագահները հանդիպել են Հիրոսիմայում, տեղեկացրել է France 24-ը։

«Զելենսկու անսպասելի ուղեւորությունը՝ հանդիպելու G7-ի գծով դաշնակիցների հետ, իրավիճակը ներկայացնելու, իր ուղերձը հասցնելու եւ իր կարծիքը հայտնելու ինքնատիպ հնարավորություն է,- ասել է Մակրոնը։- Ես իսկապես հավատում եմ, որ դա կարող է փոխել խաղի կանոնները»։

Հիրոսիմայում Ուկրաինայի նախագահը հանդիպել է նաեւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Զելեսնկին ասել է, որ Հնդկաստանին հրավիրել է միանալ Ուկրաինայի խաղաղ բանաձեւին Մոդիի հետ իր բանակցությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել «Մեծ յոթնյակի» շրջանակում։

Զելենսկին Թելեգրամում տեղեկացրել է, որ իրենց առաջին հանդիպման ժամանակ (2022թ. փետրվարին Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո) քննարկել են նաեւ Ուկրաինայի պահանջմունքները ականազերծման եւ շարժական հոսպիտալների վերաբերյալ։

Հնդկաստանի վարչապետ Մոդին Զելենսկուն ասել է, որ Հնդկաստանը «կանի ամեն բան, ինչն իր ուժերի սահմաններում է»՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար։