Խոսակցությունները, թե Ռուսաստանի նախագահի պաշտոնում այդ երկրի վարչապետի առաջադրումը կարող է ազդել Հայաստանի նախագահի ընտրության վրա, վիրավորական են, քանի որ կասկածի տակ են դնում մեր երկրի ինքնիշխանությունը: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանը` հավելելով, որ կարեւոր չէ, թե որ երկրում ով կդառնա նախագահ, դա ոչ մի կերպ չի ազդի Հայաստանի ընտրությունների վրա:

Դիտարկմանը, թե որոշակի շրջանակներում տարածված կարծիք կա, որ Վլադիմիր Պուտինի ֆավորիտը Ռոբերտ Քոչարյանն է, եւ ՌԴ վարչապետը կաջակցի վերջինիս, Բեքարյանն ասաց. «Պետության ղեկավարին մեզ մոտ ընտրում է ժողովուրդը, ով հաշվի չի առնում, թե ում են նախընտրում օտարերկրյա առաջնորդները»: Ըստ Բեքարյանի` ցանկացած այլ մոտեցում քաղաքական պաթոլոգիա է եւ բուժման կարիք ունի:

«Եթե անգամ դա այդպես է, Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ այդ գործոնը կարող է ինչ-որ դեր ունենալ»,- ամփոփել է փորձագետը: