ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը փաստորեն չի շարունակվում, քանի որ ՀԱԿ-ը երկխոսությունը կապում է իրենց ակտիվիստներին կալանքից ազատելու հետ, այնինչ քաղաքական հարցերը չի կարելի կապել իրավական հարցերի հետ: Այդ մասին, սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:

«Երկխոսությունը չի շարունակվում, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարել է, թե պետք է շատ ժողովուրդ հավաքեն եւ հետո որոշեն իրենց անելիքները։ Եթե երկխոսությունը շարունակվեր, այդպիսի հայտարարություն չէր արվի»,- նկատել է հանրապետական պատգամավորը: 

Վերջինիս կարծիքով, Հայ ազգային կոնգրեսը փորձելու է ռեկորդային քանակությամբ մարդ հավաքել եւ այդկերպ ճնշում գործադրել իշխանությունների վրա: «Խնդրեմ վերցրեք իշխանությունը, բայց միայն ընտրությունների միջոցով»,- քաղաքական ընդդիմադիրներին առաջարկել է Ռաֆիկ Պետրոսյանը: