Արեւելյան գործընկերության ծնունդը ժամանակի պահանջն էր եւ նոր շունչ է հաղորդել եւ նոր հեռանկարներ բացել Եվրամիության եւ Արեւելյան գործընկերների հարաբերությունների համար: Այս մասին այսօր` սեպտեմբերի 30-ին, Վարշավայում ընթացող ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է. «Այժմ, նախաձեռնության մեկնարկից ավելի քան երկու տարի անց, հարկ է ամփոփել առաջընթացը եւ ուղենշել հետագա անելիքները: Գագաթնաժողովի մակարդակով այս հարցերին անդրադառնալն ինքնին արտացոլում է Արեւելյան գործընկերության նկատմամբ վերաբերմունքը եւ վերահաստատում է այն առաջ մղելու քաղաքական հանձնառությունը:

Մեր արագ փոփոխվող աշխարհում ի հայտ եկող մարտահրավերները տարբեր դրսեւորումներով առնչվում են ինչպես ԵՄ-ին, այնպես էլ Արեւելյան գործընկեր երկրներին, քանի որ մեր համագործակցության արդյունքում փոխկապակցվածությունը ավելի ու ավելի շոշափելի է դառնում: Մենք մեծապես կարեւորում ենք Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման արդյունքում մշակված «ավելի շատ աջակցություն` ավելի շատ բարեփոխումներին» սկզբունքը: Կարեւոր են տարբերակված մոտեցման եւ ընդգրկվածության սկզբունքները. յուրաքանչյուր երկիր կարիք ունի իր արժանիքներին ու առաջընթացին համահունչ գնահատականի:

Հայաստանում իրապես գոհունակությամբ են արձանագրում Ասոցացման համաձայնագրի բանակցություններում գրանցված առաջընթացը: Մենք նպատակաուղղված ենք պահպանել ու շարունակել առաջընթացի նման տեմպերը եւ այժմ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու համար: Մենք այս գործընթացը դիտարկում ենք որպես Հայաստանում հիմնարար ինստիտուցիոնալ եւ կառուցվածքային բարեփոխումներն առաջ մղելու լրացուցիչ խթան: Դեռեւս երկու տարի առաջ մենք Եվրամիության երկրների փորձագետների խումբ հրավիրեցինք մեր երկիր՝ բարեփոխումների երկրորդ փուլին աջակցելու նպատակով: Այսօր արդեն մենք ծրագրում ենք Եվրոպական գործընկերների աջակցությամբ սկսել համաժամանակյա եւ լայնածավալ փոփոխություններ միաժամանակ մի քանի ուղղություններով: Մենք վճռական ենք հետեւողականորեն շարունակելու ԵՄ չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումները տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Աշխատանքային այցով Վարշավայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին:

Արեւելյան գործընկերությունը ապացուցել է իր կենսունակությունը` նախադրյալներ ստեղծելով մեր հասարակությունների միջեւ ավելի սերտ համագործակցություն հաստատելու, բարեփոխումներին նոր թափ եւ որակ հաղորդելու միջոցով կառավարման համակարգը բարելավելու, ավելի բարեկեցիկ եւ ներդաշնակ, առանց բաժանարար գծերի եվրոպական տարածք ձեւավորելու գործում: Համոզված եմ, որ ԵՄ-ի հետ համագործակցությամբ կկարողանանք Արեւելյան գործընկերության շրջանակներում կյանքի կոչել բարեփոխումների բազում համարձակ ծրագրեր:

Շնորհակալություն եմ հայտնում ԵՄ լեհական նախագահությանն այս գագաթնաժողովը հյուրընկալելու եւ բարձր մակարդակով մտքերի փոխանակության հնարավորության համար»: