Մերձմոսկովյան Զվենիգորոդի վարչակազմի ղեկավարի անվտանգության հարցերով տեղակալ Գրիգորի Թաթուսյանն օրերս ձերբակալվել է 33 մլն ռուբլու կաշառքի փորձի կասկածանքով:
Ինչպես հայտնի է դարձել «МК»-ին, նախօրեին դատարանում վճռվել է Թաթուսյանի եւ եւս մեկ պետական պաշտոնյայի` Դոլգատովի հարցը: Առայժմ հայտնի է, որ հարուցվել է քրեական գործ: Թաթուսյանին ձերբակալել են սեպտեմբերի 28-ին, այն օրը, երբ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը գնացել էր Զվենիգորոդ` ստուգելու, թե ինչպես են իրականացվում ջեռուցման շրջանի նախապատրաստական աշխատանքները:
Ուրբաթ Թաթուսյանին չեն կալանավորել, նիստը տեղափոխվել է հոկտեմբերի 3 –ին: Իրավապահ մարմինները պետք է ներկայացնեն լրացուցիչ ապացույցներ` նրան ձերբակալելու համար:
Այս տարի գարնանը լրատվամիջոցներն անդրադարձել էին Զվենիգորոդում ընթացող նախընտրական պայքարին` նկարագրելով, թե դրանում ինչ դեր է ունեցել Թաթուսյանը: Գլխավոր գործող անձինք եղել են քաղաքապետի թեկնածուներ Սերգեյ Ժուրավսկին` «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ից եւ Լեոնիդ Ստավիցկին` «Եդինայա Ռոսիա»-ից: Վերջինս, ով նաեւ գործող քաղաքապետն էր, մեծ գումարներ է հատկացրել` մրցակցի շտաբին հետեւելու համար: Լուրեր էին շրջանառվում, թե այդ գործի համար ներգրավել են հատուկ անձանց` Թոթուսյանի Հայաստանից ժամանած հայրենակիցներին, որոնց հենց նա էլ ղեկավարել է: Հաղորդվում էր անգամ այն մասին, թե ինչպես է Թաթուսյանը նախատեսվածից չորս անգամ պակաս վճարել նրանց, իսկ այդ մարդկանցից յուրաքանչյուրն անցել է որեւէ քրեական գործով:




























