ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը վերսկսելու Հայ ազգային կոնգրեսի առաջարկը կքննարկվի երկուշաբթի` հոկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 1-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը, նշելով, որ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ զանգահարել է իրեն եւ հայտնել, որ իրենք պատրաստ են վերսկսել բանակցությունները:

Նա նաեւ նշեց, որ իրենք միշտ էլ կողմնակից են եղել երկխսության անցկացմանը, քանի որ վստահ են, որ ներքաղաքական հարցերի լուծման լավագույն, արդյունավետ եւ քաղաքակիրթ տարբերակը երկխոսությունն է:

Մինասյանը նաեւ ափսոսանց հայտնեց, որ ՀԱԿ-ի իրենց գործընկերները ընդհատել են երկխոսությունը, դա հիմնավորելով իր համար անհասկանալի պատճառներով: «Երկխոսության վերսկսումն ինձ ստիպում է մտածել, որ երկխոսության դադարեցումը բացարձակապես անհիմն էր»,- ասել է նա:

«Ես կցանկանայի ՀԱԿ-ի իմ գործընկերներից բացատրություն ստանալ, թե ինչով էր պայմանավորված երկխոսության դադարեցումը: Մեր ժողովուրդը եւ մեր պետությունը տուժել են երկխոսության դադարեցումից: Թվում էր, որ ձեւավորվել է մի պլատֆորմ, որտեղ երկու քաղաքական ուժերը, որոնք արմատապես տարբեր դիրքորոշումներ ունեն, բայց ձեւավորված օրակարգով գնում էին հարցերի քննարկման ճանապարհով, որոնք ՀԱԿ-ի համար առաջնահերթ են»,- ասաց Մինասյանը, նշելով, որ սա իր կարծիքն է, քանի որ ՀԱԿ-ի առաջարկը դեռ կոալիցիայում չի քննարկվել: