Մեզ համար կարեւոր չէ` ով կընտրվի նախագահական կամ խորհրդարանական ընտրություններում, մեզ համար կարեւոր է , թե ով կնտրի: Այս մասին այսօր` հոկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարեց «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր եւ ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կանգնած ենք խորհրդարանական կարգը վերականգնելու խնդրի առաջ:Սահմանադրության մեջ 1 հոդվածում ասվում է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, մենք պայքարում ենք որ այդպես լինի, 2-րդ հոդվածում գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց այդպես չէ, մենք պայքարում ենք, որ այդպես լինի: Մենք կանգնելու ենք այնքան, մինչեւ հաղթենք: Որեւէ մեկը ինձ չի կարող կանգնեցնել: Մեզ ոչինչ չի կանգնեցնի»,- հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, իրենք պայքարում են, որ նախագահ դառնա նա, ով իսկապես ստացել է այդ ձայնը:«Գիշերը ոստիկանները ներկա են եղել այստեղ: Այստեղ մեկը կար, որ իրեն սարսափելի էր պահում, հարբած էր: Ես դիմեցի ոստիկանությանը եւ երրորդ դիմումից հետո նոր հեռացրին: Ոստիկանությունը հայտարարում է, թե ապօրինի են մեր հավաքները, բայց կարծում եմ՝ ոչ ոստիկանությունը, ոչ հավաքի կազմակերպիչները օրենքից մի թիզ չեն հեռացել: Որպես գիշերը Ազատության հրապարակում մնացած քաղաքացի՝ գոհ ենք, որ ամբողջ գիշեր մեր անվտանգությունն ապահովել են»,- ասաց ընդդիմադիր գործիչը, որին հաջորդեցին ներկաների ծափահարությունները:

«Ոստիկանության մեկ ուրիշ հատված, այդուհանդերձ, խոչընդոտներ է հարուցում մարզերից մարդկանց գալու համար: Մեր բուն հանրահավաքը տեղի կունենա 18:30-ին»,- ընդգծեց նա:

Նշենք, որ սեպտեմբերի 30-ի երեկոյան, ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարվել է բողոքի անընդմեջ ակցիա սկսելու մասին: Հայ ազգային կոնգրեսը՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ է պահանջում: Միաժամանակ ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել շարունակել իշխանությունների հետ առկախված երկխոսությունը: