Եթե իշխանությունները որոշեն բիրտ ուժով ցրել ՀԱԿ-ի հանրահավաքը, դա նրանց շատ ծանր դրության մեջ կդնի: Այս մասին այսօր` հոկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարեց Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Անդրադառնալով, իշխանությունների հնարավոր քայլերին, նա հայտարարեց. «Հոկտեմբերի 7-ին, ԵԽԽՎ-ում քննարկվում է Հայաստանի հարցը: Շուտով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին է գալու Հայաստան: Սերժ Սարգսյանը շատ անհարմար դրության մեջ կընկնի, եթե որոշի բիրտ ուժով ցրել ՀԱԿ-ի հանրահավաքը: Ուստի նրանք երկար հաշվարկելուց հետո որոշել են մի ծրագիր իրականացնել: Ամեն ինչ անում են, որ խոչընդոտեն հանրահավաքը: Սա նյարդերի պայքար է: Դիմում են ամենաստոր, մանր հնարքների: Ազատության հրապարակի լույսերն են անջատում: Ավելի խայտառակ որոշում են ընդունել այսօր՝ փակել են տվել բոլոր զուգարանները: Դիմում են իրենց արժանապատվությունը նվաստացնող արարքների, որոնք ցույց են տալիս իրենց ճղճիմ էությունը: Ահաբեկումներով են զբաղված»:

Զուրաբյանը տեղեկացրեց, որ մարզերից տեղեկություն է գալիս, որ Երեւան գալու ցանկություն ունեցողներին նույնիսկ բռնում են: «Եղեգնաձորում մարդկանց տարել են ոստիկանական բաժիններ, զրույցներ անցկացրել նրանց հետ: Դա դատարկ բան է, ոչնչի չեն կարող հասնել: Ամբողջ հանրապետությունում փակել են տրանսպորտի աշխատանքը: Մեկ շաբաթով պատաստ են կազմալուծել հանրապետության տրանսպորտը, միայն թե հանրահավաքին խոչընդոտեն»,- ասաց նա:

ՀԱԿ-ի համակարգողի խոսքով, իրենք հիմա երկու խնդիր ունեն լուծելու: «Մեկը մշտական ներկայությունն է այս հանրահավաքում: Մյուսն այն է, որ 18:30-ին բոլորս միասին հավաքվենք այս հրապարակում եւ տպավորիչ ներկայություն ապահովենք»,- ասաց Զուրաբյանը:

Նա անդրադարձավ նաեւ գիշերն Ազատության հրապարակում մնացած ցուցարարներին, նշելով. «Այս ծանր գիշերը, որ անցկացրինք այս անձրեւի տակ, պարզ էր, որ ավելի ծանր էր հոկտեմբերին, քան փետրվարին: Բայց պարզ է, որ բոլորն առողջ են, ու չեն մրսել»:

Նշենք, որ սեպտեմբերի 30-ի երեկոյան, ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարվել է բողոքի անընդմեջ ակցիա սկսելու մասին: Հայ ազգային կոնգրեսը՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ է պահանջում: Միաժամանակ ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել շարունակել իշխանությունների հետ առկախված երկխոսությունը: Նշենք, որ այսօր, ժամը 18:30-ին մեկնարկելու է ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը: