Տավուշի մարզում` Այրումի հատվածում, սողանքը շարունակում է ակտիվ մնալ, փրկարարների ժամանումից հետո, որոշ մեքենաներ  20 սմ առաջ են շարժվել: Այդ մասին հոկտեմբերի 3-ին լրագրողներին հայտնեց ԱԻՆ հատուկ փրկարար ծառայության փրկարար-որոնողական աշխատանքների հրամանատար Ավետիս  Մանուկյանը: Նրա խոսքով, դեպքի վայրում եղել է 33 ավտոմեքենա, որոնց կուտակման պատճառը դեռեւս ճշտված չէ:

Ինչպես հայտնում NEWS.am–ի թղթակիցը դեպքի վայրից, փրկարարները տեղեկություն ունեն մեկ անհայտ կորածի վերաբերյալ, ինչը հնարավոր է հերքվի, քանի որ վերջին օպերատիվ տեղեկության համաձայն, տվյալ անձը չի գտնվել հարազատների նշած մեքենայում:Փլուզումը տեղի է ունեցել  հոկտեմբերի 2-ին ժամը 18: 40 սահմաններում: Ըստ Մանուկյանի, ճանապարհին հարող բարձրությունից հողի`  15-30 մետր շերտը սողացել եւ փակել է ճանապարհի մի հատվածը, ինչի հետեւանքով Դեբեդ գետն են շրջվել բեռնատար եւ մարդատար մի շարք մեքենաներ, իսկ որոշ մեքենաներ մնացել են հողի տակ: NEWS.am–ի թղթակիցը դեպքի վայրում նկատել է առնվազն երկու բեռնատար` թուրքական, ինչպես նաեւ բուլղարական եւ վրացական պետհամարանիշներով:Փրկարարները դեպքի վայրից կապ են պահում օպերատիվ շտաբի հետ: Սողանքի հատվածը բաժանվել է 6 տեղամասի, որոնցից ամենաբարդը սարալանջի հատվածն է, որտեղ սողանքը շատ ակտիվ է: 

Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզման հետեւանքների վերացման համար Հայաստանի վարչապետի որոշմամբ օպերատիվ շտաբ է ստեղծվել: Ներկայումս, սողանքի հետեւանքով փլուզված M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրի, Վանաձոր- Բագրատաշեն հատվածի փոխարեն գործում է շրջանցիկ Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն ուղղությունը: Պատկան մարմինները կոչ են անում վարորդներին ձեռնպահ մնալ Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհով երթևեկելուց: