Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքը հռչակել է համաժողովրդական, քաղաքացիական ֆորում։

Այս կապակցությամբ ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով Հայ ազգային կոնգրեսի կողմից հռչակած որոշումների կայացման գործընթացում ժողովրդի մասնակցության սկզբունքը եւ հետապնդելով Հայաստանի ապագա զարգացումը յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունն ու պարտականությունը դարձնելու նպատակը, Հայ ազգային կոնգրեսը հռչակում է Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքը՝ համաժողովրդական, քաղաքացիական ֆորում:

Ֆորումի նպատակներն են՝

- Մանրամասն եւ համակողմանի քննարկել եւ մշակել Հայաստանի Հանրապետության զարգացման քաղաքականությունը՝ անդրադառնալով բոլոր ոլորտներին:

- Հնարավորություն տալ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցել նշված քաղաքականության մշակմանը:

- Ձեւավորել Հայաստանի ապագա զարգացման ընդհանրական հայեցակարգ:

- Առավելագույնս օգտագործել հասարակության մեջ առկա ներուժը՝ հայեցակարգի մշակման եւ հանրայնացման գործում :

Աշխատանքի տրամաբանությունըԱզատության հրապարակում 4 օր գործելու են ոլորտային խմբեր, որոնցից յուրաքանչյուրում կներկայացվեն Կոնգրեսի կողմից մշակված ծրագրերը եւ կնախաձեռնվի հանրային քննարկում: Կոնգրեսի մշակված ծրագրերից բացի կքննարկվեն ոլորտներին առնընչվող կարեւոր թեմաներ:

Նշված ոլորտներն են ՝-Առողջապահություն

-Արտաքին քաղաքականություն-Բնապահպանություն

-Կրթություն եւ գիտություն

-Մշակույթ

-Պաշտպանություն

-Տնտեսություն

Ներկայացումներն ու քննարկումները՝ ամեն օր, ժամը 15-18-ին:Զեկուցումների թեմաների եւ վայրերի մասին պարբերաբար թարմացվող տեղեկատվությունը փակցված կլինի Ազատության հրապարակի մամուլի կենտրոնի մոտ տեղադրված ցուցատախտակներին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 30-ի երեկոյան, ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարվել է 7-օրյա բողոքի անընդմեջ ակցիա սկսելու մասին: Հայ ազգային կոնգրեսը՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ է պահանջում: Միաժամանակ ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել շարունակել իշխանությունների հետ առկախված երկխոսությունը: