2018 թվականից Հայաստանի բոլոր մանկավարժները պետք է ունենան մասնագիտական բարձրագույն կրթություն, իսկ եթե ունեն միջին մասնագիտական, ապա պիտի վերջին 10 տարվա մեջ առնվազն 5 տարվա մասնագիտական ստաժ ունենան:
Նման փոփոխություններն առաջարկվել են «Ընդահանուր կրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում, որի հարցով լսումները տեղի են ունենում այսօր` հոկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում:
Օրինագիծը ներկայացնելով` Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ներկայումս հանրակրթական համակարգում դիպլոմ ունեցող մասնագետների պակաս չկա, ավելի շատ զգացվում է որակյալ մասնագետների կարիք: «Տարեկան մեր պետական եւ մասնավոր կրթական հաստատութունները` ԲՈՒՀ-երը, ինչպես նաեւ միջին մասնագիտական հաստատությունները բաց են թողնում մոտ երեք հազար երիտասարդ մանկավարժ: Կրթական համակարգում կադրերի պակաս գործնականում չկա, բացառությամբ բարձրալեռնային եւ սահմանային մի շարք շրջաններում: Այլ բան է, որ կա որակյալ մասնագետների կարիք»,-նշել է նախարարը:
Նա հավելել է, որ ԲՈՒՀ-ի դիպլոմը նշանակում է մանկավարժական հմտությունների ավելացում: «Մենք աչք չենք փակում մանկավարժական կրթության ոլորտի խնդիրների վրա, այդ թվում բարձարագույն կրթության ոլորտում: Սակայն այդ խնդիրը լուծում է պահանջում թեկուզ եւ ինստիտուցիոն մակարդակով»,-նշել է Աշոտյանը:
Նախարարը հավելել է, որ 7 տարվա անցումային փուլը նախատեսված է ներկայիս սովորողների եւ մանկավարժական ուսումնարանների նոր շրջանավարտների համար, ովքեր հնարավորություն են ստանում ընտրելու` հավատարիմ մնալ իրենց մասնագիտությանը եւ աշխատել մանկավարժական հմտությունների պահպանման ուղղությամբ:




























