Բաքվում դատավճիռ է կայացվել ընդդիմադիրների գործով, ովքեր մասնակցել են այս տարվա ապրիլին Ադրբեջանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին:

Դատարանի որոշմամբ, Արիֆ Գաջիլը, Թուրալ Աբասլըն եւ Մուհամեդ Մեջիդլին դատապարտվել են երկու տարի եւ վեց ամիս ազատազրկման:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆուադ Գահրամանլիի խնամակալության ներքո երկու անչափաս երեխա կա, նա դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման, հաղորդում է Trend-ը:

Վերոնշյալ մարդիկ դատապարտվել են Ադրբեջանի ՔՕ 233-րդ հոդվածով` գործողությունների կազմակերպում, որոնք նպաստում են հասարակական կարգի խաթարմանը կամ ակտիվ մասնակցություն այդ գործողություններին:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր Հասարակական պալատը 2011-ի ապրիլի 2-ին չարտոնված ակցիա էր կազմակերպել Բաքվում` Շատրվանների հրապարակում: Ակտիվիստները փորձել են մոտենալ Շատրվանների հրապարակին, սակայն ոստիկանությունը կանգնեցրել է նրանց` կիրառելով արցունքաբեր գազ: Ընդդիմադիրները ծրագրում են միտինգ անցկացնել` խորհրդարանը ցրելու եւ նոր ընտրություններ անցկացնելու պահանջով:

Ինտերնետում ՎԻԴԵՈ է տեղադրվել բողոքի ակցիաների անցկացման վերաբերյալ, որտեղ տեսագրված է, թե ինչպես են մարդկանց ծեծի ենթարկում: