Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եռօրյա աշխատանքային այցով, սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը, գտնվում էր Արցախում:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում պաշտպանության նախարարը ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հետ այցելել է պաշտպանության բանակի կենտրոնական, հյուսիսարեւելյան եւ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր եւ ստորաբաժանումներ: Շրջայցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել զինանձնակազմի հետ, այցելել հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներ, հետաքրքրվել զինվորների մարտական եւ ծառայողական առօրյայով, ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին:
Ի դեպ, վերջին օրերին զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ է այցելել պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի ամբողջ ղեկավար կազմը` Զինվորական կարգապահության կտրուկ բարձրացմանը եւ արտակարգ դեպքերի ու պատահարների կանխարգելմանն ուղղված պաշտպանության նախարարի ցուցումները զինված ուժերի ողջ անձնակազմին հասցնելու համար:Պաշտպանության բանակում զինանձնակազմի հետ հանդիպումների ժամանակ պաշտպանության նախարարը նշել է, որ թեեւ բանակն իր առջեւ դրած մարտական խնդիրները գերազանց է կատարում, այդուհանդերձ մերթընդմերթ արձանագրվող արտակարգ պատահարները եւ արատավոր երեւույթները փորձում են ստվերել բանակի հեղինակությունը: Նախարարը աններելի է համարել ոչ մարտական պայմաններում մարդկային կորուստները եւ նշել, որ արդարացված է հասարակության պահանջը, որ բանակում արատավոր երեւույթները պետք է հասցվեն նվազագույնի:
Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Բոլոր հրամանատարները պետք է հասկանան, որ սա մեզ համար պատասխանատվության եւ պատվի հարց է: Զինվորական կարգապահությունը զորքերի մարտունակության ապահովման հիմնարար գործոններից է եւ մարտական ոգու հիմնաքարը»:
Նախարար Օհանյանը նշել է, որ անձնակազմի հետ աշխատանքները եւ արատավոր երեւույթների դեմ պայքարը լինելու է զինված ուժերի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում, որպեսզի հայկական ազգային բանակի հիմքում դրվեն այնպիսի արժեքներ, ինչպիսիք են մարդկային հարաբերությունների գերադասումը, հրամանատարի անձնական օրինակը, հավասար եւ արդար վերաբերմունքը զինվորի հանդեպ, բանակային ընկերականությունը եւ ամենակարեւորը` երիտասարդին բանակ ընդունել ծնողի հոգատարությամբ եւ կատարել նրա պարտականությունները:




























