Եվրամիությունը փորձում է իր կշիռն ու ազդեցությունը մեծացնել հարավկովկասյան տարածաշրջանում եւ այդ համատեքստում պետք է դիտարկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի առաջիկա տարածաշրջանային այցը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը:
Վերջինիս կարծիքով, Եվրամիության ներսում մի փոքր խլրտոց եւ խանդ կա, որ Ֆրանսիան համարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: «Իհարկե տարիների ընթացքում դա ներկայացվում է, թե Ֆրանսիայի մանդատը կարելի է համարել եվրոպական մանդատ, թեեւ ԵՄ որոշ երկրներ հավակնություններ են ցուցաբերում արդեն, թե ինչու Ֆրանսիան հակամարտությունների կարգավորման գործում լուրջ դերակատարում ունի, իսկ իրենք` ոչ:
Առաջին հերթին պետք է նշեմ Գերմանիայի դժգոհությունները: Բազմաթիվ վեհաժողովներում ակնարկներ են հնչել այդ կապակցությամբ, այս տարվա սկզբին Եվրախորհրդարանում բանաձեւ ընդունվեց, որով անհրաժեշտ էր համարվում Ֆրանսիայի մանդատի փոխարինումը եվրոպական մանդատով»,- նկատել է Ստեփան Սաֆարյանը` նկատելով, որ տեխնիկապես եւ պրակտիկորեն դա իրականություն չդարձավ, քանի որ կային խնդիրներ:
«Ֆրանսիան դիպուկ հարցադրումներ է արել, որ եթե Եվրամիությունը չունի միասնական արտաքին քաղաքականություն, չի կարող արագ արձագանքել հակամարտության գոտում որեւէ միջադեպի եւ ամերիկացի եւ ռուս համանախագահների հետ համատեղ հայտարարությամբ հանդես գալ»:
Ըստ Սաֆարյանի, պատահական չէ, որ այս քննարկումների ֆոնին զուգընթաց Ֆրանսիայի նախագահը հանդես եկավ նոր առաջարկներով հակամարտությունների կարգավորման վերաբերյալ: «Իհարկե, հստակություններ չկան, բայց Ֆրանսիան էլ մյուս կողմից փորձում է ցույց տալ, թե ակտիվ զբաղված է եւ դերակատարում ունի կարգավորման գործընթացում»,- նկատել է Սաֆարյանը:
Վերջինիս խոսքով, Ֆրանսիայի ակտիվացումը խանդ չի առաջացնի մեկ այլ համանախագահող երկրի` Ռուսաստանի մոտ: «Իրավիճակն այդպես սեւ եւ սպիտակ չէ: Ֆրանսիան էլ գիտի, թե ինչ վակուում կա: Ֆրանսիայի ակտիվացումը մի կողմից մեկնաբանվում է արեւմտյան դերակատարման ուժեղացում, որովհետեւ ակնհայտ էր, որ Արեւմուտքը վերջին տարիներին մի կողմ էր քաշվել եւ գործընթացը վստահել Ռուսաստանին: Կազանի հանդիպման ձախողումը հիմք է հանդիսանում իր ներկայությունն ակտիվացնելու եւ Ռուսաստանի հետ իշխանությունը կիսելու համար»,- ամփոփել է Ստեփան Սաֆարյանը:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պետական այցով Հայաստան է այցելելու հոկտեմբերի 6-ին: Նա նաեւ կլինի Վրաստանում եւ Ադրբեջանում:




























