Հայաստանի կանի ամեն ինչ, որ իր չափանիշները համապատասխանեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի չափանիշներին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 4-ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) ՀՄՀ ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահ Փաթրիք Ֆայնի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանը բարձր է գնահատել 2006 թ. սեպտեմբերից մեկնարկած «ՀՄՀ-Հայաստան» 5-ամյա ծրագրի ընթացքը եւ արդյունքները, նշելով. «Ցանկանում եմ Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն հայտնել ԱՄՆ մեր գործընկերներին այս օժանդակության համար: Մենք բարձր ենք գնահատում դա եւ լի ենք համագործակցությունը շարունակելու վճռականությամբ, կանենք ամեն ինչ, որ Հայաստանի չափանիշները համապատասխանեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի չափանիշներին»: Վարչապետը, մասնավորապես, գոհունակությամբ է խոսել ծրագրի շրջանակում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ու հզորացման, գյուղատնտեսության զարգացման եւ ֆերմերների վերապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին եւ կարեւորել ծրագրի դերը նոր մտածողության ձեւավորման գործում:
Իր հերթին Փաթրիք Ֆայնը նշել է, որ առաջին անգամ է մեր երկրում եւ տպավորված է Հայաստանով:
Զրուցակիցները քննարկել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շարունակականության հեռանկարները: Փաթրիք Ֆայնը նշել է, որ ծրագրի շարունակության կարեւոր գործոններ են առաջին ծրագրի արդյունքները եւ երկրի համապատասխանությունը «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից միջազգայնորեն ընդունված ցուցանիշներին, ինչպիսիք են տնտեսական ազատությունները, արդարացի կառավարումը, ժողովրդի համար կատարվող ներդրումները եւ կոռուպցիայի վերահսկումը:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման եւ ժողովրդավարական արժեքների ներդրման կարեւոր գործոնը միջին խավի ձեւավորումն է եւ այդ գործում կարեւորել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի նշանակությունը:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին` վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ 2012 թ. հունվարի 1-ից կգործի նոր օրենք, համաձայն որի` 500 պաշտոնատար անձինք պետք է հրապարակային հայտարարագրեր ներկայացնեն գույքի, եկամուտների եւ իրենց փոխկապակցված անձանց մասին: Նա նաեւ կարեւորել է պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ձեւավորումը, որը պետք է ստուգման առարկա դարձնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի վերաբերյալ տեղեկությունները։
Նշենք, որ հնգամյա ծրագրի շրջանակում (2006 թ. սեպտեմբեր – 2011 թ. սեպտեմբեր) «ՀՄՀ-Հայաստանը» նպաստել է Հայաստանի շուրջ 350 համայնքներում բնակվող ավելի քան 420 հազար գյուղաբնակ շահառուների կենսամակարդակի բարելավմանը` վերականգնելով ոռոգման մայր ջրանցքների վնասված հատվածներ, մի շարք պոմպակայաններ, կառուցելով ոռոգման ինքնահոս համակարգեր եւ երրորդ կարգի ջրանցքներ, վերականգնելով Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի որոշ հատվածներ: Վերապատրաստվել է շուրջ 45 հազար ֆերմեր, տեխնիկական աջակցություն է տրամադրվել ջուր մատակարարող կառույցներին: Ընդհանուր առմամբ «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» կողմից Հայաստանի ոռոգման եւ գյուղատնտեսության բնագավառներում կատարվել է շուրջ 177 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:




























