Հայ հեղափոխական դաշնակցությունը կողմ է ցանկացած երկխոսությանը, որը միտված կլինի երկրի ժողովրդավարացման գործընթացի խորացմանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգային Ժողովի  դաշնակցական պատգամավոր Հրայր Կարապետյանը` մեկնաբանելով քաղաքական կոալիցիայի կողմից արված հայտարարությունը, թե չեն երկխոսի ՀԱԿ-ի հետ, քանի դեռ շարունակվում են ապօրինի հանրահավաքները:

«Դժվարանում եմ մեկի կամ մյուսի փոխարեն մեկնաբանություն տալ: Որքան տեղյակ եմ` ՀԱԿ-ը դեռ չի պատասխանել կոալիցիոն ներկայացուցիչների հայտարարությանը»,- նշեց Կարապետյանը եւ հավելեց. «Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, մենք առիթ ունեցել ենք ասելու, որ ողջունում ենք ցանկացած մեկնաբանություն, որը միտված է երկրի ժողովրդավարացման գործընթացը խորացնելուն, առավել եւս երկրում առանց ներքին խժդժությունների կամ ապակայունացման միտումների (նկատի ունեմ մարտի 1-ը) նորմալ, քաղաքակիրթ ճանապարհով խնդիրները լուծելուն»:

Ըստ Կարապետյանի, ցանկացած երկխոսություն ողջունելի է, թեեւ իրենք դեմ են այնպիսի պայմանավորվածություններին, որոնք չեն արտացոլում ազգային շահերը, առավել եւս գաղտնի կպահվեն: «Մենք կողմ ենք հրապարակային երկխոսությանը: Կարծում եմ` երկու քաղաքական ուժերն էլ, այնուամենայնիվ չեն արտացոլում ամբողջ քաղաքական ներկապնակը, ուստի այս երկխոսությունը կարելի էր համարել կոալիցիայի եւ ՀԱԿ-ի երկխոսություն, որի վերջաբանը չեմ կարող կռահել»,- նշեց նա: