Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքը անօրինական ակցիա է, որը ոստիկանությունը պետք է արգելի` իր լիազորությունների շրջանակում: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսում, հայտարարել է ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը:
«Եթե ինձ հարցնեին, ես թույլ չէի տա անցկացնել շուրջօրյա հանրահավաք անգամ մեկ օր, քանի որ դա օրենքի խախտում է: Ոստիկանությունը պետք է հանդես գա իր լիազորությունների շրջանակում, արգելելով հանրահավաքի անցկացումը»,- հայտարարել է Սահակյանը:
Հարցին, թե ոստիկանությունը պետք է ցրի՞ ցուցարարներին, նա պատասխանել է. « Ի՞նչ է նշանակում «ցրել»: Ոստիկանությունը, պարզապես, պետք է արգելի հանրահավաքի անցկացումը»: ՀՀԿ-ական գործիչը նաեւ նշել է, որ համապատասխան կառույցները որոշել են չխոչընդոտել անգամ օրենքի խախտմամբ իրականացվող ակցիային: «Կարելի է թույլ տալ հանրահավաքների անցկացում թեկուզ 10 օր, սակայն միայն օրենքի շրջանակներում: Ժամանակին իշխանությունները չկիրառեցին օրենքը, որի արդյունքում անկանխատեսելի զանգված առաջ եկավ, ինչն էլ հետագայում հանգեցրեց մարտի 1-ի դեպքերին: Այսօր հարցնում են, կարո՞ղ են կրկնվել մարտի 1-ի դեպքերը. Իհարկե կարող են, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկանա»:




























