Ադրբեջանի բանակի թիվ N զորմասում, հոկտեմբերի 2-ին, կին են բռնաբարել, հաղորդում է ադրբեջանական «Մուսավաթ» թերթը` վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները:

«Զորամասում զինվորական ծառայություն անցնող զինվորները «ՈՒԱԶ» մակնիշի ծառայողական ավտոմեքենայով ուղեւորվել են Լոքբաթան ավանի տարածքում գտնվող «Մեյվալի» շուկան: Նրանք հավաքվել են շուկայի տարածքում եւ մոտեցել այնտեղ մաքրություն անող կանանց` ասելով, որ մարդ են փնտրում զորամասի իրենց սենյակները մաքրելու համար: Նրանք մոտեցել են 26-ամյա Նահիդա Սոլթան անունով աղջկան եւ հարցրել, թե ինչքան գումար կցանկանա սենյակները մաքրելու համար: Նրանք առաջարկել են վճարել 30 մանաթ (37 դոլար), եւ նա համաձայնվել է»,-հայտնում է աղբյուրը: Այնուհետեւ նրան նստեցրել են ավտոմեքենան եւ տարել զորամաս: Նրան իրենց սենյակ ուղեկցելուց հետո, բռնաբարել են:

Կինը ցանկացել է դիմադրել, սակայն նրան ծեծել եւ վիրավորել են: Այդուհանդերձ, նա շեղել է զինվորների ուշադրությունը եւ փախել նրանցից: Նահիդա Սոլթան դիմել է ոստիկանություն, գործը հանձնվել է Ռազմական դատախազությանը: Ներկայումս փաստի կապակցությամբ անցկացվում է հետաքննություն, հայտնում է «Մուսավաթ»-ը: