«Եթե Բաքուն չի կարողանում Նախիջեւանի «հախից գալ», թող խոստովանի, հասարակությունն էլ իր գլխի ճարը տեսնի»,-այս մասին նշվել է հոկտեմբերի 4-ին, Նախիջեւանի ինքնավար հանրապետության Շարուր շրջանի Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանության կենտրոնի եւ Շարուրի շրջանի բնակիչների հետ համատեղ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, որտեղ հերթական անգամ անդրադարձ է կատարվել ինքնավար մարզում ստեղծված ծանր դրությանը, հոկտեմբերի 5-ին հաղորդում է ադրբեջանական «Մուսավաթ» թերթը:
Այսպես, Նախիջեւանի Շարուրի շրջանի Չերչիբողան գյուղի բնակիչ Թամարա Նաղիեւան հայտնել է, որ ենթարկվել է բռնությունների տեղի ոստիկանապետի կողմից: Նա նշել է, որ ընտանիքի հետ միասին վարձով բնակվում է Բաքվում: Գյուղ վերադառնալով` տեսել է, որ այգու ցանկապատը հանել են, իսկ պտղատու ծառերը` կտրել: Նրա հարեւանը քաղաքապետարանի օգնությամբ սեփականաշնորհել է իր բակի 200 քմ տարածքը: Նա դիմել է Շարուրի շրջանային դատարան, որը հարցը լուծել է հարեւանի օգտին: Այնուհետեւ Թամարա Նաղիեւան դիմել է Վերաքննիչ դատարան, որն այս անգամ որոշում է ընդունել` հօգուտ Նաղիեւայի, սակայն Շարուրի շրջանի ոստիկանապետ Մեմեդ Հուսեյնովը, ուշադրություն չդարձնելով այդ որոշման վրա, կնոջը դստեր հետ միասին փակել է նկուղում եւ պահանջել հրաժարվել այդ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքից:
«Երկու օր Շարուրի շրջանի ոստիկանական բաժանմունքի նկուղում մնացինք: Առաջին օրը ոստիկանապետն ասաց, որ եթե անհրաժեշտ փաստաթղթերը չստորագրեմ, մազերցս բռնած քարշ կտա ինձ: Իսկ աղջկաս սպառնացին, որ կբռանաբարեն եւ կուղարկեն հոգեբուժարան: Մեզ այնտեղ բռնությունների եւ տանջանքների ենթարկեցին: Ստիպված էինք ստորագրել մի շարք փաստաթղթեր, սակայն դա մեր ունեցվածքը մեզնից վերցնելու հիմք չէ»,-ասել է Նաղիեւան, գրում է «Մուսավաթ» թերթը:
Թամարա Նաղիեւան այժմ պահանջում է պետությունից վերականգնել իր սեփականության իրավունքը, հաղորդում է «Մուսավաթ» թերթը:




























