Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հայտարարել է, որ իրենց ամենամյա բանկետի ժամանակ կպատվեն հայ բռնցքամարտիկ, թեթեւագույն քաշային կարգում, IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանին` բռնցքամարտիկի իր կարիերայի ընթացքում հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր հստակ դիրքորոշման համար:
«Բռնցքամարտի ռինգում եւ դրանից դուրս Դարչինյանը հանդես է եկել որպես հայկական հարցի հրապարակային եւ ակտիվ պաշտպան, ով բաց խոսել է Հայոց ցեղասպանության մասին»,- ասված է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հայտարարության մեջ:
Թեեւ Դարչինյանը Ավստրալիայի քաղաքացի է, սակայն միշտ ռինգ է դուրս գալիս հայկական եռագույնով եւ հայկական երաժշտության հնչունների ներքո:
«Կարեւոր չէ, թե ինչպիսին կլինեն նրա պրոֆեսիոնալ ձեռքբերումները, նա միշտ կլինի ժողովրդի չեմպիոնը` իր մշակույթով հպարտանալու եւ հայկական հարցին իր հավատարմության համար»,- ասել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ներկայացուցիչ Էնդրյու Կզիրյանը:




























