Երկխոսությունը բխում է ոչ թե ընդիմության եւ իշխանության այլ նաեւ մեր ժողովրդի, երկրի շահերից, որովհետեւ այսօրվա դրությամբ ցանկացած խնդրի իրատեսական եւ արդար լուծում պահանջում է արդար քննարկում:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ազգային Ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ` մեկնաբանելով ՀԱԿ-ի` հոկտեմբերի 4-ի հանրահավաքում հնչած հայտարարությունը:
Վերջինս նշել է, որ հոկտեմբերի 3-ին, կոալիցիայի աշխատանքային խմբի տարածած հայտարարությունը, որով աննպատակահարմար էր համարվում երկխոսության շարունակումը ապօրինի հանրահավաքների պայմաններում, արտացոլում է նաեւ «Օրինաց երկրի» տեսակետը:
«ՀԱԿ-ը ինքն էր սկզբից նախաձեռնել երկխոսությունը: Մենք բազմիցս ենք ասել, որ չպետք է կռվել պրոբլեմի հետ, պետք է քննարկել, լուծումներ գտնել, ողջունել ենք երկխոսությունը»,- նշել է Մարգարյանը:
«Կարծում եմ` երկխոսությունը բխում է ոչ թե ընդիմության եւ իշխանության այլ նաեւ մեր ժողովրդի, երկրի շահերից, որովհետեւ այսօրվա դրությամբ ցանկացած խնդրի իրատեսական եւ արդար լուծում պահանջում է արդար քննարկում: Ես ինքս լավատես եմ, եւ հուսով եմ, որ կլինեն տեսակետներ ընդդիմության դաշտից, որ սա կարեւոր է եւ երկխոսությունը միմիայն կնպաստի ավելի թափանցիկ արդար, ընտրությունների անցկացմանը»,- նկատել է նա:
Դիտարկմանը, թե մտավախություն չունի, որ ընդդիմադիր ուժը կարող է գնալ սրացումների, Հովհաննես Մարգարյանը պատասխանել է. «Յուրաքանչյուր ուժ ինքն է որոշում իր ռազմավարությունն ու մարտավարությունը: Երկխոսությունը ճիշտ ճանապարհ է: Համենայն դեպս, եթե գնան օրենքից դուրս սրացումների, իշխանությունը պետք է վարվի օրենքի սահմաններում»:
Նշենք, որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկվա հանրահավաքում հայտարարել էր, թե «Հայ Ազգային Կոնգրեսը ներկա պահին այլեւս անիմաստ է համարում նման իշխանության հետ որեւէ երկխոսություն»: «Մեր առջեւ դրված խդիրների լուծումը այսուհետեւ տեսնում է միայն ժողովրդի մոբիլիզացիայի եւ մեր զանգվածային միջոցառումների ակտիվացման մեջ:
Ընթացիկ երկխոսությունը նախաձեռնվել էր Հայ Ազգային Կոնգրեսի կողմից, իսկ ընդհատված երկխոսության վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն իշխանությունների նախաձեռնությամբ, եթե նրանք համապատասխան խնդրանքով դիմեն մեզ: Այդ դիմումը մենք կքննարկենք եւ կորոշենք`ընդառաջել, թե ոչ նշված խնդրանքին»,- նշել էր նա:




























