Հայ ազգային կոնգրեսի իրավունքն է այսուհետ դադարեցնել, թե շարունակել երկխոսությունը, բայց կարծում եմ, թե իշխանությունները բացարձակապես ողբերգություն չեն տեսնում, որ ՀԱԿ-ը չի ցանկանում երկխոսել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը ` մեկնաբանելով ՀԱԿ-ի` հոկտեմբերի 4-ի հանրահավաքում հնչած հայտարարությունը:
«Կուժեղացնեն, թե կթուլացնեն իրենց պայքարը, դա իրենց գործն է»,- նշել է Բոստանջյանը:
Վերջինիս կարծիքով, եթե ՀԱԿ-ը սրացումների գնալու հնարավորություն ունենար, առանց երկխոսության էլ կգնար: «Ես գրեթե չեմ կասկածում, եթե ստացվի, առանց որեւէ բանի կգնան: Թեպետ ես նախկինում էլ ասել եմ, որ բացառում եմ նման հնարավորությունը, հակված չեմ իր երկիրը տեսնել խառը վիճակում»,- նկատել է նա:
Բոստանջյանը տրամաբանական է համարում, որ երկխոսությունը որպես քաղաքական հարթակ տեղի ունենա, բայց առանց երկուստեք նախապայմանների: Ավելին, նա նախապայման չի համարում հոկտեմբերի 3-ին կոալիցիայի ընդունած հայտարարությունը, որով աննպատակահարմար էր համարվում երկխոսության շարունակումը ապօրինի հանրահավաքների պայմաններում: «Եւ մեր հայտարարության մեջ գրվածն էլ պայման չէ: Եթե կողմերից մեկն ասի, որ ակցիաները շարունակական դարձնելուն զուգահեռ ուզում է երկխոսել, դա տրամաբանական չէ»,- ամփոփել է Վարդան Բոստանջյանը:
Նշենք, որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկվա հանրահավաքում հայտարարել էր, թե «Հայ Ազգային Կոնգրեսը ներկա պահին այլեւս անիմաստ է համարում նման իշխանության հետ որեւէ երկխոսություն»: «Մեր առջեւ դրված խդիրների լուծումը այսուհետեւ տեսնում է միայն ժողովրդի մոբիլիզացիայի եւ մեր զանգվածային միջոցառումների ակտիվացման մեջ:
Ընթացիկ երկխոսությունը նախաձեռնվել էր Հայ Ազգային Կոնգրեսի կողմից, իսկ ընդհատված երկխոսության վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն իշխանությունների նախաձեռնությամբ, եթե նրանք համապատասխան խնդրանքով դիմեն մեզ: Այդ դիմումը մենք կքննարկենք եւ կորոշենք`ընդառաջել, թե ոչ նշված խնդրանքին»,- նշել էր նա:




























