Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջարկած Եվրասիական միության ապագան շատ մշուշոտ է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ ՌԴ վարչապետն առաջարկել է Եվրասիական միություն ստեղծել` որպես օրինակ ընտրելով Եվրամիությունը:
«Եթե այդ առաջարկը կյանքի կոչվի, դա կլինի ոչ թե ԱՊՀ-ի վախճանը, այլ ԱՊՀ-ի վերափոխումը, նրա ստատուսի վերաձեւումը: Ես դա այս պահին այնքան էլ հավանական չեմ համարում, որովհետեւ բոլորովին այլ են Եվրամիության ստեղծման եւ ընդլայնման խնդիրները: Եւ չեմ կարծում, թե այս պահին հնարավոր է այս տարածաշրջանում նմանատիպ միություն ստեղծել, որովհետեւ տարբեր պետությունների կողմնորոշումները բոլորովին այլ են: Տարբեր ուղղություններով են ուզում զարգանալ, ուստի այդ ամենը մեկտեղել որպես պրոցես շատ դժվար եմ պատկերացնում»,- նշել է պատգամավորը:
Հարցին, թե որքանո՞վ նման միության ստեղծումը ձեռնտու կլինի Հայաստանին, պատգամավորը նկատել է. «Շատ դժվար է ասել, քանի որ դա շատ-շատ խնդիրներ է ենթադրում` սկսած պետության անվտանգությունից, վերջացրած նրա քաղաքացիների ցանկությամբ: Նախ պետք է հստակ երեւա այդ միավորման անվտանգության համակարգը, երկրորդը` երեւա տնտեսական շահը, թե Հայաստանը ինչ է շահում դրանից: Եւ այդ ամենը համադրելով միայն ասել, թե որքանով ձեռնտու կլինի»: Ըստ պատգամավորի, այսօրվա դրությամբ, Հայաստանն ավելի շատ տնտեսական գործընկերություն է անում Եվրոպայի հետ: «Հատկապես եթե հանում ենք էներգետիկ բաղադրիչը` Ռուսաստանից ստացվող գազն ու էներգակիրները, այդ առաջարկի հավանական ապագան շատ մշուշոտ է, սպասենք, թե ինչ զարգացումներ են լինում»,- ամփոփել է պատգամավորը:
Նշենք, որ նախօրեին Պուտինը հրապարակել է «Նոր ինտեգրացիոն նախագիծ Եվրասիայի համար. ապագա, որը ծնվում է այսօր» հոդվածը: Պուտինն առաջարկում է ԱՊՀ երկրների հետ համագործակցության նոր ճարտարապետություն: Մասնավորապես առաջարկում է Եվրասիական միության նախագիծը Եվրամիության օրինակով, Միության միասնական արժույթով:
Ռուսաստանի վարչապետը հոդվածում հիշեցրել է, որ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանն առաջին փուլն արդեն անցել են: 2012թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում նաեւ Միացյալ տնտեսական տարածքի պայմանագիրը: Պուտինը նշել է, որ ՄՏՏ-ն առայժմ երեք պետությունների համար է, սակայն նախագիծը պատմական է նաեւ մյուս հետխորհրդային երկրների համար: Արդյունքում` բոլոր քաղաքացիները պետք է առանց սահմանափակումների կարողանան ընտրել ապրելու, կրթություն ստանալու եւ աշխատելու իրենց նախընտրած վայրը:
Մաքսային միությունն ու ՄՏՏ-ն դնում են Եվրասիական տնտեսական միության հիմքը: Միաժամանակ, կընթանա դրանց մասնակիցների ընդլայնում` Ղրղըզստանի եւ Տաջիկստանի հաշվին: Պուտինը չի ցանկանում սահմանափակվել այդ երկրներով:
Ռուսաստանի վարչապետը նաեւ շեշտել է, որ խոսքը ԽՍՀՄ-ի վերաստեղծման մասին չէ: Նաեւ պետք չէ հակադրել Եվրասիական միությունն ու ԱՊՀ-ն: Յուրաքանչյուրն ունի իր տեղն ու դերը: Եվրասիական միությունը բաց նախագիծ է: Յուրաքանչյուր երկիր կարող է միանալ դրան: Իսկ այն երկրները, որոնք նախընտրում են եվրոպական ինտեգրացիան եւս կարող են չհակադրվել Եվրասիական միությանը, քանի որ այն լինելու է ազատության, ժողովրդավարության եւ շուկայական օրենքների հիման վրա միավորված մեծ Եվրոպայի մի մասը:




























