Աֆղանստանի հատուկ ծառայությունները կանխել են երկրի նախագահ Համիդ Քարզայի սպանությունը:
Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն, աֆղանական առաջնորդի դեմ մահափորձը նախապատրաստել էին միջազգային ահաբեկչական «Ալ Քաիդա» ցանցի գրոհայինները, որոնց հաջողվել է հավաքագրել նախագահի թիկնապահներից մեկին, համալսարանի երկու դասախոսի եւ մի քանի ուսանողների: Ընդհանուր առմամբ, ինչպես փոխանցում է AFP-ն, ձերբակալվել է 6 մարդ:
Ըստ BBC-ի` չարագործները սեպտեմբերին հատուկ պատրաստվել էին Պակիստոնում «Ալ Քաիդայի» ճամբարներից մեկում: «Նրանք մեծ պլաններ ունեին, այդ թվում` սպանել նախագահ Քարզային»,- հայտարարել է աֆղանական հատուկ ծառայությունների պաշտոնական ներկայացուցիչ Լուտֆուլա Մաշալը` ավելացնելով, որ հանցագործությունը հնարավոր է եղել կանխել վերջին փուլում:




























