2012-ի մարտից Ադրբեջանում գործողություններն ավելի արագ կերպով կզարգանան. Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախօրեին շատ բան կփոխվի:
Մասնավորապես, շատ վերլուծաբաններ կանխատեսում են, որ «Եվրատեսիլի» անցկացման շրջանում Բաքվում զանգվածային բնույթի բողոքի ակցիաներ տեղի կունենան: Նրանց ներկայացմամբ, «Եվրատեսիլն», իրականում, թակարդ է Ադրբեջանի իշխանությունների համար եւ Արեւմուտքը նպատակադրված կերպով հնարավորություն է տվել Բաքվին մրցույթն անցկացնել Ադրբեջանում` իր առաջիկա ծրագրերը հեշտությամբ իրագործելու համար: Այս մասին գրում է ադրբեջանական Tia.az կայքը:
Կայքը հայտնում է, որ վերջին շրջանում Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ արաբական սցենարի կրկնությունն Ադրբեջանի դեպքում խիստ հավանական է: «Ընդդիմությունն ակտիվացել է, իշխանությունները ընդդիմադիրներին ճնշելու համար բռնի մեթոդներ են կիրառում: Սակայն ընդդիմությունը օգնություն է ստանում, եւ դա ակնհայտորեն անհանգստացնում է իշխանություններին: Ներքին սոցիալական եւ տնտեսական դժգոհությունը եւս, քաղաքական բողոքի ալիքին միանալով, կարող է հանգեցնել հեղափոխության»,-գրում է Tia.az-ը:
Վկայակոչելով ընդդիմադիր ճամբարից ստացված գաղտնի տեղեկությունները` ադրբեջանական կայքը նշում է, որ ադրբեջանական իշխանությունների հետ կապված վերջին հրապարակումները պատահական չեն եւ նպատակ ունեն բարձրացնել ադրբեջանական հասարակության ակտիվությունը:
Այնպես, որ հնարավոր է 2012-ը դառնա «աշխարհի վերջ» ադրբեջանական իշխանությունների համար, եզրափակում է Tia.az-ը:




























