Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի կանչել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Շուլգային վրացական Georgian Airways ավիափոխադրողի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կապակցությամբ, հաղորդում է վրացական Իմեդի հեռուստաալիքը:

Ուկրաինացի դիվանագետի այցը Վրաստանի ԱԳՆ տեւել է մոտ կես ժամ, որից հետո Շուլգան ԶԼՄ-ներին մեկնաբանություններ չի տվել: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես դեռ չի մեկնաբանել իրավիճակը։

Հիշեցնենք, որ վրացական Georgian Airways ավիաընկերությունը, որը վերսկսել է թռիչքները դեպի Ռուսաստան, եւ նրա տնօրեն Թամազ Գաիաշվիլին հայտնվել են Ուկրաինայի պատժամիջոցների թարմացված ցուցակում:

Որոշումը բողոք է առաջացրել վրացական իշխանությունում, որը նման քայլն անվանել է ոչ բարեկամական:

Վրաստանի իշխող կուսակցությունը եւ կառավարությունը կողմ են Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը, մինչդեռ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել բոյկոտել Georgian Airways-ը:

Իր հերթին, ընկերությունը նրան իր չվերթներում անցանկալի անձ է հայտարարել։