Քրիստոնեա-դեմոկրատական միությունը առանձին չի մասնակցի 2012թ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հանրային խորհրդի անդամ, Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը` հավելելով, որ դեռ չեն քննարկել, թե ում հետ եւ ինչպես են մասնակցելու ընտրություններին: «Ես եւ իմ կուսակցությունը պաշտպանել ենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2008թ.ընտրություններին, եւ բացառված չէ, որ այդ համագործակցությունը առաջիկա ընտրություններում ավելի խորանա: Որ ես կլինեմ ակտիվ քաղաքական դիրքերում, դա չկասկածեք, բայց ինչպիսին, դա ժամանակը ցույց կտա»,- ասաց Խոսրոսվ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է տարածված լուրերին, որ Խոսրով Հարությունյանը ՀՀԿ ցուցակով պատգամավոր է դառնալու, նա նշեց, որ այդ հարցը դեռ չի քննարկվել եւ չբացառեց, որ այդ խնդրի շուրջ հնարավոր են բանակցություններ: Ի դեպ, վերջին անգամ Խոսրով Հարությունյանը Սերժ Սարգսյանի մոտ եղել է 2009թ` կապված Հանրային խորհրդի հետ:
ՀՔԴՄ ղեկավարն անդրադարձավ նաեւ խնդրին, թե ինչպիսին կլինի հաջորդ խորհրդարանի քաղաքական կառուցվածքը եւ որ ուժերը կանցնեն խորհրդարան: Նրա կանխատեսմամբ` ակնհայտ են, որ խորհրդարան կանցնեն կոալիցիոն ուժերը, իսկ ընդդիմադիրներից` ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», «ՀԱԿ-ը եւս մեծ շանսեր ունի եւ չի բացառվում, որ «Ազատ դեմոկրատները» եւս անցնեն, քանի որ կարծես լուծել են ֆինանսական խնդիրները»:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ օրերս Սերժ Սարգսյանի մոտ են գնացել «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը եւ ՀՔԴՄ ղեկավար Խոսրով Հարությունյանը` խնդրելով առաջիկայում իրենց պատգամավոր դարձնել ՀՀԿ ցուցակով։ Սերժ Սարգսյանը ի պատասխան ասել է, թե կմտածի այդ մասին եւ առաջիկայում որոշում կկայացնի։




























