«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի, հոկտեմբերի 5-ի այցն Ազատության հրապարակ, խոսում է նրա դրական հատկանիշների մասին` թե որպես քաղաքական գործչի, թե որպես մարդու: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հանրային խորհրդի անդամ, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը` հավելելով, որ նման շփումները բացառված չեն առաջիկայում, բայց դրանք չպետք է դարձնել քաղաքական լուրջ իրադարձություն, «դրանք շատ հնարավոր են եւ բնական»:
Ինչ վերաբերում է նրան, որ ավելի վաղ` այս տարվա մարտի 17-ին, Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին չի մոտեցել Լեւոն Տեր-Պետրոսյանը, Խոսրով Հարությունյանը այսպես մեկնաբանեց. «Նույնիսկ այդ ժամանակ հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց առավելագույնս կոռեկտության սահմաններում իրեն պահել, նույնիսկ խոցված լինելով մինչեւ վերջ` նա զերծ մնաց որակումներից»:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն հոկտեմբերի 5-ին, այցելել է Ազատության հրապարակ եւ զրուցել առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Իսկ դրանից առաջ` մարտին, Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները չմոտեցան եւ չողջունեցին նույն վայրում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչից հետո էլ Հովհաննիսյանը հայտարարեց, որ այդ փաստն ընդունում է ոչ թե «իբրեւ քաղաքական մշակույթի պակաս, այլ հստակ կեցվածք»:




























