Երեւանում, նոյեմբերի 4-6-ին կկազմակերպվի «Հոգեբանության եւ իրավունքի խաչմերուկները» խորագրով միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսի նպատակն է  քննարկել  հոգեբանության, իրավունքի եւ այլ հասարակական գիտությունների փոխկապակցությունը եւ դերը իրավախախտների ռեաբիլիտացիայի, անչափահասների գործերով արդարադատության հարցերում եւ այլ ոլորտներում:

Կոնֆերանսը կազմակերպում է Հայաստանի ամերիկայն համալսարանի  Իրավաբանության ամբիոնը,  Միջազգային բանտային ռեֆորմ կազմակերպությունը, ԱՄՆ Պետքարտուղարությունն ու Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան:

Այս կոնֆերանսի քննարկման կենտրոնում են լինելու  հոգեբանության եւ իրավունքի հատման կետերը, սոցիալական վարքի իրավական ասպեկտները, դեւիանտ վարքի հիմնախնդիրը գիտության տարբեր բնագավառներում, իրավաբանական հոգեբանության նորագույն ուղղությունների զարգացումը, հանցավորության կանխարգելումը, իրավական համակարգի եւ մարդու իրավունքների հոգեսոցիալական հիմքերը, հոգեբանության տարբեր բնագավառների հետազոտությունների արդյունքների ներդրման հեռանկարները իրավաբանական պրակտիկայում:

Կոնֆերասի երկրորդ օրը նվիրվելու է  երեխաների արդարադատության հիմնախնդիրներին:  Այս թեմայի շրջանակներում լինելու են հետեւյալ հատուկ սեկցիաները` Անչափահասների գործերով արդարադատության վերաբերյալ միջազգային ստանդարտները /չափանիշները/, տարածաշրջանում անչափահասների արդարադատության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները, լավագույն պրակտիկան, քաղաքականությունը եւ նորարարությունները, անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելումը, տարածաշրջանային զարգացումներ, անչափահաս իրավախախտների վերականգնումը, իրավական եւ հոգեբանական հայեցակարգերը:

Կազմակերպվելու են նաեւ սեմինարներ անգլիալեզու ակադեմիական գրագրության վերաբերյալ: Այս սեմինարները նախատեսված են հատկապես երիտասարդ գիտնականների, ուսանողների եւ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հրատարակել իրենց աշխատանքները միջազգային գրախոսվող ամսագրերում:

Կոնֆերասին մասնակցելու են գիտականներ եւ պարկտիկ աշխատողներ տարբեր երկրներից: Հրավիրված են նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, կառավության ներկայացուցիչներ։

Ելակետային ելույթի համար հարվիրվել է  Քեմբրիջի համալսարանի Քրեաբանության  Ինստիտուտի տնօրեն Ֆրեդերիխ Լոզելը: