Յենս Սթոլտենբերգը հաստատել է, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պաշտոնին կմնա եւս մեկ տարի՝ մինչեւ 2024թ. հոկտեմբերի 1-ը։

«Ինձ համար պատիվ է ՆԱՏՕ գծով դաշնակիցների որոշումը՝ մինչեւ 2024թ. հոկտեմբերի 1-ը երկարացնել գլխավոր քարտուղարի պաշտոնին մնալու ժամկետը»,-գրել է նա Թվիթերի իր էջում։

Ինչպես նշվել է  Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությունում, այդ որոշումը պաշտոնապես կհաստատվի Վիլնյուսի գագաթաժողովում։ «Երեքշաբթի (2023թ. հուլիսի 4-ին) ՆԱՏՕ գծով դաշնակիցները պայմանավորվել են երկարացնել գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի մանդատը եւս մեկ տարով՝ մինչեւ 2024թ. հոկտեմբերի 1-ը։ Այս որոշումը կհաստատվի ՆԱՏՕ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կողմից Վիլնյուսի գագաթաժողովում»,- նշվել է դրանում։

Սթոլտենբերգը գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից։ Մինչ այդ դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն DPA գործակալությանն ասել էր, որ Սթոլտենբերգը մտադիր չէ երկարացնել լիազորությունների ժամկետը, որն ավարտվում է ընթացիկ տարվա սեպտեմբերին։