Չեզոք Շվեյցարիան որոշել է մասնակցել European Sky Shield ՀՕՊ նախագծին։ Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի կառավարությունը, գրում է Reuters-ը:
Քննադատների կարծիքով՝ այդ քայլն անհամատեղելի է երկրի չեզոքության վաղեմի ավանդույթի հետ։
European Sky Shield-ը ՀՕՊ-ի ընդհանուր սխեման է, որը ստեղծվել է Գերմանիայի կողմից 2022 թվականին՝ ամրապնդելու եվրոպական հակաօդային պաշտպանությունը։
Շվեյցարիայի պաշտպանության նախարար Վիոլա Ամհերդը մտադիր է ուրբաթ օրը Ավստրիայի եւ Գերմանիայի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ ստորագրել ծրագրին միանալու մտադրության մասին հռչակագիրը:
Մինչ այժմ մոտ 17 եվրոպական երկրներ ստորագրել են Sky Shield նախագիծը, ներառյալ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան:
Դրա նպատակն է կրճատել երկրների ծախսերը՝ համակարգելով հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնումները, ինչպիսին է Patriot հրթիռային համակարգը:





























