«Սեւծովյան նախաձեռնությունը» (հացահատիկային գործարք-խմբ.) վերածվել է «կուշտ» երկրներ ուկրաինական պարենի առեւտրային արտահանման՝ ժամկետի մոտալուտ ավարտի (հուլիսի 17) ֆոնին, որը չի կարող երկարաձգվել առանց բոլոր կողմերի՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի համաձայնության։ Արեւմտյան երկրների, Կիեւի եւ ՄԱԿ-ի քարտուղարության կողմից քարոզչական ակտիվության հերթական պոռթկում է նկատվում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ստամբուլյան պայմանավորվածությունների ստորագրումից մեկ տարի անց ոչ մեկի մոտ այլեւս պատրանքներ եւ կասկածներ չեն մնացել ո՛չ «Սեւծովյան նախաձեռնության» հումանիտար ուղղվածության, ո՛չ էլ գյուղմթերքի եւ պարարտանյութերի հայրենական արտահանման կարգավորման հարցով Ռուսաստան-ՄԱԿ հուշագրի կատարման հեռանկարների վերաբերյալ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Նշվում է, որ «Սեւծովյան նախաձեռնությունը», որի նպատակն էր օգնել Աֆրիկայի, Ասիայի եւ Լատինական Ամերիկայի կարիքավոր երկրներին, «վերածվել է ուկրաինական պարենի զուտ առեւտրային արտահանման դեպի «կուշտ» երկրներ»։

«2022 թվականի օգոստոսի 1-ից Օդեսայի, Չեռնոմորսկի եւ Հարավային նավահանգիստներից արտահանված 32,6 միլիոն տոննա հացահատիկի մեծ մասը՝ 26,2 միլիոն տոննան կամ 81 տոկոսը, ուղղվել է եկամուտների բարձր եւ միջինից բարձր մակարդակ ունեցող երկրներ։ Ամենաաղքատ պետությունները (Եթովպիա, Եմեն, Աֆղանստան, Սուդան եւ Սոմալի) ստացել են ընդամենը 862 086 տոննա կամ բեռների 2,6 տոկոսը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։