Վրաստանի ԱԳՆ-ն Կիեւի որոշումն անվանել է «միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին»։ Որոշման համաձայն՝ Վրաստանի դեսպանին առաջարկվել է լքել երկրի տարածքը Թբիլիսիի հետ խորհրդակցելու համար: Վրաստանի ԱԳՆ-ն այդ կապակցությամբ «խորին մտահոգություն» է հայտնել, գրում է «Գրուզիա օնլայն»-ը։
«Այս գործողությունը ներկայացնում է դիվանագիտական հարաբերությունների սրման ծայրահեղ ձեւ եւ ցավալի է, որ պաշտոնական Կիեւը դիմում է այդ քայլին բարեկամ պետության եւ նրա ժողովրդի նկատմամբ։
Սաակաշվիլիի առողջական վիճակի շուրջ շահարկումներին վերջակետ դրեց Ստասբուրգի դատարանի որոշումը, որը եւս մեկ անգամ հաստատեց Սաակաշվիլիի իրավունքների պաշտպանության հարցում պետության ցուցաբերած բարձր չափանիշները»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
ԱԳՆ-ն նշել է, որ Կիեւի որոշումը վնասում է երկու երկրների ռազմավարական հարաբերություններին եւ ուղղակի միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին։
«Հուսով ենք՝ պաշտոնական Կիեւը կվերանայի սեփական որոշումը եւ ջանքեր կգործադրի երկու երկրների պատմականորեն բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման համար»,-ասվում է հայտարարության մեջ։





























