«Չենք լռելու» նախաձեռնության երիտասարդները Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահվան հետ կապված, այսօր` հոկտեմբերի 6-ին, ծաղիկներ են տարել ընկերության երեւանյան ներկայացուցչության մոտ:

Սթիվ Ջոբսը հեռացել է կյանքից այս գիշեր, 56 տարեկան հասակում, երկարատեւ հիվանդությունից հետո:

«Ջոբսն, առանց գերազանցության, այն մարդկանցից էր, որոնք իրենց մտքի թռիչքով ունակ են փոխելու մարդկության կյանքը: Աղոթում ենք նրա հոգու հանգստության համար:

«Մտածե՛ք լայն» (Սթիվ Ջոբս)»,-ասված է «Չենք լռելու»-ի հաղորդագրության մեջ:

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին կյանքի 56-րդ տարում մահացել է Apple ընկերության հիմնադիր, միլիարդատեր Սթիվ Ջոբսը: Associated Press-ի փոխանցմամբ, աշխարհի մեծագույն գործարարներից մեկին այդպես էլ չհաջողվեց հաղթահարել քաղցկեղը, որը տարիներ շարունակ հյուծել էր նրա օրգանիզմը:

Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել էր 1955թ. փետրվարի 24-ին Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում: Մանկությունը եւ պատանեկությունը անցել է Փոլ Ջոբսի եւ Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որդեգրել են նրան: 1970-ականներին նա Սթիվ Վոզնյակի հետ ստեղծել է առաջին կոմերցիոն համակարգիչներից մեկը: