ԱՄՆ պետդեպարտամենտը բանակցում է սենատոր Ռոբերտ Մենենդեսի հետ, որպեսզի համոզի քաղաքական գործչին չխանգարել Թուրքիա F-16 կործանիչների մատակարարումներին։ Այս մասին տեղեկացրել է Punchbowl News պարբերականը։

«Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները ցանկանում են վստահ լինել, որ Մենենդեսը զենքի վաճառքի հարցում ունեցած իր լիազորություններով չի խանգարի իրենց, եթե իրենք ցանկանան գործարք կնքել Թուրքիայի հետ, որը F-16-երի վաճառքը կապում է Շվեդիայի հարցում Անկարայի հավանության հետ»,- նշվել է հաղորդագրությունում։

Մինչ այդ ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հավանություն էր տվել Աթենքին հինգերորդ սերնդի F-35-եր վաճառելուն։ Նա տեղեկացրել է այդ մասին Վաշինգտոնի Դելփյան տնտեսական համաժողովում։ Մենենդեսի ձայնը պարտադիր է այլ երկրներ ամերիկյան սպառազինությունների մատակարարման համար, նա նաեւ վետոյի իրավունք ունի այդ հարցում։

Սենատորը նշել է, որ հավանություն է տվել մատակարարումներին, որովհետեւ Հունաստանը կիսում է ամերիկյան դեմոկրատական արժեքները։ Հունական ԶԼՄ-ներում նշվել է, որ պաշտպանական պայմանագրի վավերացումն ընդամենը ժամանակի հարց է։