Հայաստանում բազմաթիվ սպառողներ զանգահարում են iSTORE խանութ եւ ցավակցություն հայտնում խանութի անձնակազմին` Apple  ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահվան կապակցությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց խանութի տնօրեն (authorized receiver) Էրիկ Մարդոյանը:

«Այսօր առավոտից Հայաստանում Apple-ի արտադրանքը նախընտրած բազմաթիվ սպառողներ եւ պարզապես քաղաքացիներ զանգահարում են խանութ եւ ցավակցություն հայտնում ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահվան կապակցությամբ: Նրանք նշում են, որ Ջոբսի կորուստը շատ խորն է ազդել իրենց վրա»,- ասաց նա` հավելելով, որ խանութն իր անունից եւս ցավակցություններ է հայտնում:

Անդրադառնալով շուկայի հնարավոր արձագանքին` նա նշեց, որ բոլորը դեռեւս սպասման մեջ են, թե ինչպես կարձագանքի շուկան Apple-ի հիմնադրի մահվանը: «Ներկայումս դեռ որեւէ էական փոփոխություն շուկայում չի նկատվել եւ բոլորը, այդ թվում նաեւ Հայաստանում սպասման մեջ»,- ասաց նա` նշելով, որ իր կարծիքով` բացասական արձագանքը մեծ չի լինի, քանի որ, հաշվի առնելով, որ թեեւ Ջոբսը հիմնադիրն էր եւ նրա անվան հետ էր կապված Apple ընկերությունն ընդհանրապես, այդուհանդերձ, սակայն նրան հաջողվել է շատ ամուր թիմ ստեղծել, որը կշարունակի նորարարական եւ հեղափոխական արտադրանքներ առաջարկել սպառողներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 6-ին կյանքի 56-րդ տարում մահացել է Apple ընկերության հիմնադիր, միլիարդատեր Սթիվ Ջոբսը: Աշխարհի մեծագույն գործարարներից մեկին այդպես էլ չհաջողվեց հաղթահարել քաղցկեղը, որը տարիներ շարունակ հյուծել էր նրա օրգանիզմը:

Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել էր 1955թ. փետրվարի 24-ին Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում: Մանկությունը եւ պատանեկությունը անցել է Փոլ Ջոբսի եւ Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որդեգրել են նրան: 1970-ականներին նա Սթիվ Վոզնյակի հետ ստեղծել է առաջին կոմերցիոն համակարգիչներից մեկը:

Կորցնելով պաշտոնը տնօրենների խորհրդի հետ պայքարում 1985 թվականին Ջոբսը հեռացավ Apple-ից եւ հիմնադրեց NeXT համակարգչային ընկերությունը: 1997 թվականին Սթիվ Ջոբսը վերադարձավ Apple, դառնալով ժամանակավոր գործադիր տնօրեն՝ միացնելով Apple-ը NeXT-ի հետ: Ըստ «Fortune» ամսագրի Սթիվ Ջոբսը ճանաչվեց որպես 2007 թվականի ամենաազդեցիկ գործարար եւ մտավ 2009 տվականի «թոփ-մենեջերների» ցուցակի մեջ: Նրա ստեղծած IPad պլանշետները, iPod փլեյերները, iPhone հեռախոսներն ու Mac համակարգիչները հեղափոխություն էին տեխնիկայի ոլորտում:

Վերջին տարիներին նա տառապում էր քաղցկեղով եւ ինտենսիվ բուժում ստանում, իսկ ամիսներ առաջ լքել էր Appel-ի գործադիր տնօրենի պաշտոնը՝ այն հանձնելով Թիմ Քուկին: