Առաջիկայում կլինեն խորհրդարանական, այլ ոչ նախագահական ընտրություններ, որտեղ հակամարտություն սրելը հեշտ է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին, ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքների արդյունքում, 2008-ի մարտի 1-ի դեպքերի կրկնություն, նա արձագանքել է, որ չի կարծում, թե լարվածությունն աճում է, թեեւ իշխանությունները ՀԱԿ-ի ակցիաներին նյարդային են արձագանքում:
Ձեռնպահ մնալով կանխատեսումներից, Իսկանդարյանն, այդուհանդերձ կարծիք հայտնեց, որ իրավիճակն այնքան չի խորացել, որ հանգեցնի մարտի 1-ի դեպքերի կրկնության:
«Ընտրություններին դեռ 7 ամիս կա, իսկ ընդդիմության ճամբարում կան տաղանդավոր մարդիկ, ովքեր կարող են լարել իրավիճակը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը շուրջօրյա հանրահավաքներ էր սկսել: Այն ժամանակ, իշխանությունները ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով սպանվեց 10 մարդ:




























