Առանձնակի նշանակություն չունի` կշարունակվի՞ իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը, թե` ոչ, քանի որ դա չի լուծում երկրի բնակչությանը հուզող խնդիրները: Այդ մասին, հոկտեմբերի 6-ի մամուլի ասուլիսում, հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` նկատելով, որ երկխոսության արդյունքում, օրինակ, չեն նվազի սննդամթերքի գները:
«Այդ երկխոսությունն ընդամենը միջոց է հարաբերություններ հաստատել երկու քաղաքական ուժերի միջեւ, նաեւ ներքաղաքական հարցերի լուծման գործընթաց: Կշարունակվի երկխոսությունը, թե` ոչ, կախված է կողմերի հաշվարկներից եւ կողմերից յուրաքանչյուրի համար հարցի նպատակահարմարությունից: Երկու կողմերն էլ ժամանակ են շահել, եւ եթե նպատակ դրած չէ ժամանակ շահել, երկխոսությունը չի շարունակվի»,- նկատել է Մարտիրոսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե ՀԱԿ-ն առկախել է իր մասնակցությունը բանակցություններին: ՀԱԿ-ը շուրջօրյա հանրահավաքների ժամանակ պատրաստակամություն էր հայտնել շարունակել երկխոսությունը, ինչին կոալիցիան պատասխանել է մերժմամբ: Ընդդիմադիր քաղաքական ուժը եւս նշել է, թե այսուհետ այլեւս անիմաստ է համարում երկխոսությունը նման իշխանությունների հետ:




























