Հայերը երբեք հաջողության չեն հասնի Ցեղասպանության հարցում: Այդ մասին Nouvelles d`Arménie ամսագրին տված բացառիկ հարցազրույցում ասել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շարլ Ազնավուրը:
Նրա խոսքով` հայերը հապաղում են «ցեղասպանություն» բառի վրա, սակայն դա որեւէ կերպ չի օգնում Հայաստանին առաջ գնալ:
«Դա ինձ սկսում է զզվեցնել: Մենք չենք հաղթի այդ գործում, երբեք: Այն, ինչ ակնկալում են մեզանից մեր հակառակորդները, դա այն է, որ մահանան նրանք, ում մեջ դեռ ապրում է հիշողությունը, որպեզի կարողանան հաջողությամբ պրծնել: Ո՞ր երկիրն է լեռան պես կանգնել մեր մեջքին: Ոչ մի: Ֆրանսիան ճանաչել է այն, ինչ ճանաչել է, բայց նա առաջ չի շարժվի: Ոչ մի երկիր չի գա մեզ ընդդառաջ: Երբեք»,- ընդգծել է Ազնավուրը:
«Ո՞ւր է տանում մեզ այդ տրամաբանությունը: Որոշ մարդիկ քննադատում են ինձ նրա համար, որ ես հայտնել եմ այդպիսի կարծիք, ո՞ւր են նրանք: Ի՞նչ են անում նրանք, որ օգնեն Հայաստանին: Ե՞րբ են նրանք դրամ ուղարկում: Եւ նրանք պետք է ինձ դա՞ս տան: Ես առաջինն իրենց դաս կտամ: Այդ մասին ես խոսել եմ մի հայ փաստաբանի հետ ԱՄՆ-ից, ում գրասենյակում կան նվազագույնը 300 իրավաբաններ: Նա մտածում էր ուրիշների պես: Բայց երբ ես նրան ներկայացրեցի իմ տեսակետը, նա ընդունեց իմ իրավացիությունը», - պատմեց շանսոնյեն:
Նրա կարծիքով, մտքերի այդպիսի ընթացքը միայն վնաս է բերում եւ ոչ ավելին: «Ես դիվանագետ չեմ: Ես դրա մասին ոչինչ չգիտեմ: Ես միայն մի բան գիտեմ. Մենք ունենք թշվառ երկրի մի կտոր, որը երկրորդ անգամ է մահանում: Իսկ մենք ինչ-որ ուրիշ բաների մասին ենք խոսում»:




























