Եթե ՀԱԿ-ը հեղափոխության կոչ անի, ապա դա միանշանակ ողջունելի կլինի, եթե այդ հեղափոխությունն ուղղված լինի ժողովրդի խնդիրների լուծմանը: Այդ մասին, հոկտեմբերի 6-ին կայացած ասուլիսում հայտարարել է Ազգային ժողովի` «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հնարավոր համագործակցության հարցին` Մարտիրոսյանը նշել է, որ համագործակցության ոլորտը, թեկուզեւ տարբեր հարցերի քննարկումը պետք է բաց լինի. «Համագործակցությունն` ուղղված երկու կողմերի օրակարգում գտնվող հարցերի լուծմանը միայն ողջունելի կլինի: Նախկինում կային բազում հարցեր, որոնցով ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» կարող էին համագործակցել, սակայն ամեն ինչ փոխվեց 2009-ին` Կոնգրեսի ռազմավարության մեջ կատարված փոփոխությունների հետեւանքով: Ներկայումս, երկու կողմերի համար կարեւորություն են ներկայացնում երկրում ժողովրդավարության խորացման եւ արդար ընտրությունների անցկացման հարցը»:

Այդուհանդերձ, Մարտիրոսյանը նշել է, որ համագործակցության առաջարկ Կոնգրեսի կողմից չի եղել. «Առաջարկի առկայության դեպքում հարցը կքննարկվի կուսակցության կողմից»:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե նա ինչպե՞ս է վերաբերում Կոնգրեսի պայքարի մեթոդներին, մասնավորապես շուրջօրյա ակցիայի անցկացմանը` Մարտիրոսյանը նշել է, որ ինքն ընդունում է պայքարի բոլոր մեթոդները, որոնք արդյունքի են հանգեցնում եւ թույլատրելի են Սահմանադրության շրջանակներում:

Նա նաեւ հավելել է, որ եթե ՀԱԿ-ը հեղափոխության կոչ անի, ապա դա արժե ողջունել, եթե այն ուղղված լինի ժողովրդի խնդիրների լուծմանը: Նրա կարծիքով, բախումների սցենարի կրկնությունն այսօր բացառված է, քանի որ 2008-ին նման ռեսուրսներ կային, իսկ այսօր դրանք չկան: